Ոնց որ առաջին գրառում
[info]qashataghci

Բարև հայեր

 Վերջապես ես որոշեցի բլոգ ստեղծել: Գրելու եմ ամեն ինչի մասին, բայց բնակեցումն է լինելու հիմնական թեման: Դեռևս լրիվ ծանոթ չեմ կենդանի մատյանի հնարավորություններին: Հուսով եմ` ընթացքում կսովորեմ: 

Ես քաշաթաղցի եմ:

Այնպես է ստացվել, որ հայերը տարաբաժանվում են ապարանցիների, քյավառցիների, երևանցիների, ղարաբաղցիների և այլն, հայերը նաև պարսկահայ են, ամերիկահայ, պոլսահայ, թիֆլիսահայ և այլն: Այս խուճուճ իրավիճակում ես գերադասում եմ լինել քաշաթաղցի, քարվաճառցի, աղդամցի, կովսականցի: Եվ քանի որ բնակվում եմ Քաշաթաղի Բերձոր քաղաքում, ուրեմն այս պահին քաշաթաղցի եմ:


Քարի մեղր + Պարզ Էստաֆետ 2
[info]qashataghci

Նախորդ գրառման մեջ ներկայացրել եմ Կորյունին, իսկ հիմա ծանոթացեք Ջանիկ Սարգսյանին Շալուա գյուղից:


Երկու տարի առաջ Ջանիկի տնտեսությունում <Մենք> ԳՓՄ-ն ներդրում էր արել անասունների, իսկ մեկ տարի առաջ էլ մեղուների տեսքով: Անասունների գլխաքանակը նվազել էր 5-ից 4-ի, իսկ մեղուների 2 փոքր պարսերը դարձել են 4 լիարժեք ընտանիք: Ինչպես այս կարճատև փորձն է վկայում, կով պահելը Ջանիկի մոտ այնքան էլ լավ չի ստացվում, իսկ մեղվաբուծության մեջ նա կարող է լուրջ խորանալ: Այս տարի փորձելու ենք մեղուների քանակը ավելացնել առնվազն կրկնակի, անելով Պարզ էստաֆետ սխեմայով ներդրում մեղվաբուծական պարագաների տեսքով: 




Փեթակները տեղափոխեցինք երկու մեքենայով


Գույնը կարող է դուր չգալ, բայց մեղուները չեն բողոքում:


Ջանիկը իր մեծ տղաների հետ


Փոքր տղան մեր կողքին մուշ-մուշ քնած էր:


Վերջում թուղթ էլ գրեցինք:

Տիգրան Կյուրեղյան
08.05.2012


Քարի մեղր + Պարզ Էստաֆետ
[info]qashataghci

    Քարի մեղր ծրագրի մասին արդեն գրել եմ այստեղ: Բացի Քարի մեղր ծրագրից <Պարզ Էստաֆետ> սխեմայով նույնպես <Մենք> ԳՓՄ-ն ներդրումներ էր անում մեղվաբուծության մեջ: Քաշաթաղի շրջանում շատերն են ուզում զբաղվել մեղվաբուծությամբ, բայց անհրաժեշտ գույք. մեղվաընտանիքներ ու փորձ չունեն: Անցած տարիների պրակտիկայից ելնելով, կարող եմ ասել, որ սկսնակների համար մինչև 5 մեղվաընտանիքների չափ ներդրումը բավարարում է 2-3 տարիների ընթացքում  փորձառու մեղվաբույծի ղեկավարությամբ մեղվաբուծության մեջ <թաթախվելու> համար: Այդ ժամանակ պարզ են դառնում թեկնածուի կարողությունները և ինքն էլ լրիվ կողմնորոշվում է իր ցանկությունների մեջ: Դրա համար այս տարի արդեն սկսեցինք ներդրումներ անել մեղվաբուծության մեջ մինչև 300 հազար դրամի չափով: Պարզ Էստաֆետ սխեմայով` անտոկոս փոխառությամբ, տրամադրում ենք մեղվաընտանիքներ և մեղվաբուծության համար անհրաժեշտ պարագաներ 5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով:
    Ներկայացնում եմ Կորյուն Ալոյանին Վաղազին գյուղից.

    Կորյունը մեկ տարի է առաջ է եկել Արտաշատից:

Ընտանեկան լուսանկար

  Երեք մեղվաընտանիքները փոխանցել է Զորիկը Արտաշավի գյուղից: Կորյունը դրանք պետք է փոխադրի նոր փեթակների մեջ ու սրանք վերադարձնի Զորիկին:

Մեղվաբուծության մեջ ամենակարևորը գիտելիքներն են, որոնք մեր դեպքում հիմնականում փոխանցվում են ավելի փորձառու մեղվաբուծներից սկսնակներին: Կորյունի դեպքում այդ ֆունկցիան իր վրա է վերցրել Արմենը, ով բավականաչափ փորձառու մեղվաբույծ է ու սիրով կատարում է այդ պարտականությունը:

Տիգրան Կյուրեղյան
07.05.2012թ. 


Մենք քաշաթաղցի ենք
[info]qashataghci

Հայերն իրար ծանոթանալուց միշտ հետաքրքրվում են, թե որտեղացի են` ապարանցի, լոռեցի, ղարաբաղցի, կամ պարսկահայ, սիրիահայ, ֆրանսահայ, մինչև անգամ մանրամասներով` յոնջլախցի, երրորդմասցի, չորորդգյուղցի, օշականցի, քեսաբցի, կամ փերիացի: Գիտնականները կասեն, որ այսպես ստացվել է պատմականորեն` ռեգիոնալիզմը արդյունք է պետականության երկարատև բացակայության, որ դա կանցնի ժամանակի ընթացքում` պետականության ամրապնդման ու համահայկական ինքնագիտակցության վերելքի արդյունքում, որ ռեգիոնալ հանրույթները ազգային օրգանիզմի բաղկացուցիչ ու անհրաժեշտ տարրեր են, որ դրանք հարստացնում են մեր մշակույթը` հատկապես հարուստ նյութ են տալիս անեկդոտների համար, որ պետք չէ ցավագին ընդունել ու նույնիսկ հանկարծ պայքարել դրա դեմ, ակամայից ամրապնդելով այդ երևույթը: Բայց կա մի տարածք, որտեղի ռեգիոնալիզմը նույնիսկ գիտնականների կողմից, այլ կերպ քան դրական երևույթ չի կարող բնորոշվել:     

Քաշաթաղը հետաքրքիր միավորող հատկություն ունի, այստեղ մարտունեցիները, քյավառցիները, ապարանցիները, սիրիահայերը, ինչպես նաև յոնջլախցիները, երրորդմասցիները, մասիվցիները հավաքվել են, միավորվել են,  հայացնելու մի տարածք, որն ավելի քան երեք դար առաջ էր հայաթափվել: Դրա հետ մեկտեղ ձևավորվել և ձևավորվում է նոր հանրույթ` քաշաթաղցի, որը միավորող է, այլ ոչ տարանջատող, ինտեգրող է և ինտեգրվող, վերռեգիոնալ է և նորռեգիոնալ: Քաշաթաղում մենք ունենք ընդհանուր ազգային նպատակի շուրջ գիտակցված կամ ակամայից միավորված մի հանրույթ, որը պարտադրված է ունենալու ռեգիոնալ ինքնագիտակցությունից վեր գտնվող, միայն ազգային ինքնագիտակցություն, քանի որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ ապրել հայերի այս խառնարանում, որտեղ անընդհատ ինչ որ բան փոխվում է, որտեղ ամեն ինչ շարժվում է ու զարգանում, որտեղ բոլոր անհատները աշխույժ պայքարում են հասարակության մեջ իրենց տեղն ու դերը ամրապնդելու, ինքնահաստատվելու համար, որտեղ ճանաչվում ու յուրացվում է ամեն մանրամասներով Հայրենիքը, որտեղ գիտակցվում է նրա ընդլայնման անհրաժեշտությունը և իրականացվում է այն: Միայն համազգային նպատակն է, որ այստեղ կարող է լինել միակ չափանիշը, առանցքը, որով որոշվում է լավն ու վատը, օգտակարն ու վնասակարը, դրականն ու բացասականը: Այնպես որ հպարտությամբ ասենք.

Մենք քաշաթաղցի ենք


Քաշաթաղցիները շատանում են
[info]qashataghci

Սիրով ներկայացնում եմ blogspot հարթակում քաշաթաղցիներից մեկի կողմից բացված նոր http://merhayreniq.blogspot.com/ բլոգը: Առաջին գրառումը կոչվում է հենց <Քաշաթաղցի>.



Վիրտուալ աշխարհում Քաշաթաղցիները շատանում են, ինչպես ասում են. լավ կլինի, կամ էլ շատ լավ: 

ՔԱՐԻ ՄԵՂՐ
[info]qashataghci


Երբ ստեղծում էինք <Մենք> գյուղացիական փոխօգնության միությունը, արդեն գործում էր <Էստաֆետ> ծրագիրը, որով բաժանում էինք կովեր: Քանի որ Քաշաթաղի շրջանը մեղվաբուծության համար անսպառ հնարավորություններ ունի, անհրաժեշտ էր օգտագործել բնության ընձեռած հնարավորությունը և զարգացնել մեղվաբուծությունը: Մեղվաբուծությունը կայուն եկամուտ է ապահովում վերաբնակիչներին ու տարածքում հիմնավորման համար լուրջ գործոն է: Շատ մեղվաբույծներ ամռանը Քաշաթաղ էին բերում իրենց մեղվանոցները, իսկ մի քանիսն էլ բնակության տեղափոխվեցին մեր շրջան: Անհրաժեշտ էր հորինել մի ներդրումային սխեմա, որով հնարավոր կլիներ անել ներդրումներ շրջանի հին ու նոր մեղվաբույծների մոտ, առանց խախտելու նրանց տնտեսությունների բնականոն զարգացումը և չծանրացնելով ֆինանսական վիճակը: Մի քանի մեղվաբույծների հետ խորհրդակցելով, եկա այն եզրակացության, որ ներդրումները, ինչպես <Մենք>-ի մյուս ծրագրերում, պետք է լինի հիմնական միջոցի, այս դեպքում` մեղվաընտանիքի տեսքով, իսկ ներդրողը շահույթը պետք է լինի արտադրանքի, այս դեպքում` մեղրի տեսքով: Այսինքն մեղվաբույծը ստանում է մեղվաընտանիքներ, փեթակներ, այլ մեղվաբուծական պարագաներ կամ էլ դրամական միջոցներ դրանք ձեռք բերելու համար, և կատարում է իր տարեկան պարտավորությունները որոշակի քանակի մեղր հանձնելով: Պայմանագրի գործողության ժամկետը որոշեցինք 2 տարի: Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ծրագրի մասնակիցը կարող է ա. երկարացնել ժամկետը; բ. վերադարձնել ներդրողի կողմից իր տնտեսությունում ներդրված միջոցները դրամական կամ էլ ապրանքային տեսքով` փոխանցելով ծրագրի այլ մասնակցի: Կատարված ներդրումները բաժանվում են պայմանական մեղվաընտանիքների, մեկ մեղվաընտանիքը երկհարկանի փեթակով` 50 հազար դրամ հաշվարկով, որոնցից մասնակիցը տալիս է 5-ական կգ մեղր յուրաքանչյուր տարի: Ծրագրի անվանումը դրեցի <Քարի Մեղր>, հետագայում այն ապրանքանիշ դարձնելու նպատակով:
Արդեն 7 տարի <Քարի Մեղր> ծրագիրը հաջողությամբ գործում է Քաշաթաղի շրջանում: Շնորհիվ այդ ծրագրի շուրջ 20 ընտանիք սկսել է զբաղվել մեղվաբուծությամբ, և, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այն <Մենք>-ի ամենահաջողված ծրագիրն է: Դրան նպաստող մի քանի հանգամանքներ կան. ա. մեղրը հեշտ իրացվող ապրանք է; բ. կարճ ժամանակում մեղվաբուծությունը տալիս է էական արդյունք; գ. ռիսկերը նվազագույն են:
            Այս պահին շրջանում ավելի քան 4 միլիոն դրամ կա ներդրված <Քարի մեղր> սխեմայով, իսկ ներդրումների պահանջարկը գնահատել դժվարանում եմ, այն շատ մեծ լինելու պատճառով: Եթե ցանկացողներ կլինեն <Քարի Մեղր> սխեմայով ներդրումներ անելու, կարող եմ տրամադրել համապատասխան պայմանագրի ձևը, ինչպես նաև օգնել համապատասխան խորհրդատվությամբ:
 
Տիգրան Կյուրեղյան
29.11.2011

«Արցախը շենացնելու ներուժ հայությունն ունի»
[info]qashataghci

Читать дальше... )

Իմ հարցազրույցն է Արթուր Դոխոլյանին, տպվել է <Ավանգարդ> թերթում սեպտեմբերի 16-ին:



Բադալյան Կարեն
[info]qashataghci
Այս տարի մայիս ամսին ծնվել էր Բադալյան Կարենի երրորդ աղջիկը:
Համաձայն <Մենք> ԳՓՄ /գյուղացիական փոխօգնության միություն/ <Ապագա> ծրագրի
խրախուսական գումար հատկացնելու համար գնացի Վերիշեն:
Ինչպես միշտ` թուղթ ենք գրում.

Թուղթն արժե հարյուր հազար դրամ:



Քույրիկները



Ընտանեկան լուսանկար


Մեղրի սեզոն
[info]qashataghci
Մեր մեղրի երկրպագուներին հայտնում եմ, որ արդեն սկսել ենք մեղրաքամը:
Շուտով մեր մեղրը կհասցնենք նաև Երևան:
Երևանում և իր շրջակայքում 1լիտրը, որը մոտ 1.5 կգ է, արժե 4500 դրամ, այսինքն` 1 կգ-ը 3000 դրամ:
Մեծաքանակ գնումների դեպքում պարգևատրում ենք մեղրով:
Նույն մեղրը Բերձորում և Ստեփանակերտում վաճառում ենք 1 լիտրը 4000 դրամով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ինձ, հեռախոսս նույնն է` 093-36-13-75:
 
Տիգրան Կյուրեղյան
Метки:

Հիմնաշենցի Յուրան
[info]qashataghci

 
 Հիմնաշենցի Յուրա Խաչատրյանի տղայի ընտանիքում համալրում է եղել` աղջիկ:
Համաձայն <Մենք> ԳՓՄ /գյուղացիական փոխօգնության միություն/ <Ապագա> ծրագրի
այդ ընտանիքին խրախուսական գումար հատկացնելու համար գնացինք Հիմնաշեն:
Ուշ հասանք, քանի որ ճանապարհին շատ ուրիշ գործեր էլ ունեինք:
Յուրան դուրս էր եկել փնտրելու իր կովին, որը պետք է ծներ:
Մինչ այդ մի քիչ նկարեցինք:
 
Յուրայի սարքած ավտոյի բոքսը

 
Յուրայի մեղուները
 


Հետո եկավ Յուրան ու ցույց տվեց իր նոր գործերը:
Թոնիրը
 
 
Ապագա գարաժը երկու տեղով ու բոքսով
 
 
Սա էլ ջրի նոր բաքը, որը վերևի գյուղից Յուրան Նիվայով է իջեցրել
 
 
Հետո եկան Յուրայի տղաները: Կովին գտել էին, ծնել էր ցլիկ, բերել էին գոմ:
Անցանք գործի` թուղթ գրելու: Էդ թուղթը արժեր 250 հազար դրամ:
Սևակ Խաչատրյանի ընտանիքը: Փոքրիկին չանհանգստացրինք:
 


Տղամարդիկ


 
Метки:

Вы читаете журнал [info]qashataghci